- Super User
- Progetti
- Visite: 8838
ԱԻՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՑ ՅԵՏՈՅ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ տարբերակը
Իտալիկ բոլթ տառատեսակով նշուած են յաւելումները եւ փոփոխութիւնները
ՆԱԽԱԳԻԾ
ՀՀ Սահմանադրութիւնը ԱԻՄ առաջարկած բարեփոխումներով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ)
(Ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ հանրաքվեով)
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Գ Լ ՈՒ Խ 1
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հոդված 4. Վարչապետի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Հոդված 6. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։
Օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո: Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:
Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։
Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը:
Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին:
Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:
Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:
Հոդված 8.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:
Հոդված 10. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:
Հոդված 11. Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո:
Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը:
Հոդված 11.1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները:
Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը:
Հոդված 11.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
Ծագումով հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով:
Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:
Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հոդված 15. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Հոդված 16. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք։ Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետևյալ դեպքերում՝
1) անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից.
2) անձը չի կատարել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը.
3) օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով.
4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.
5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով.
6) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկան հիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով.
7) Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով։
Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին։
Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ազատությունից զրկման կամ խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը բողոքարկելու վերադաս դատական ատյանում:
Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
Մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Հոդված 17. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք:
Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի:
Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:
Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին։
Հոդված 19. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել։
Հոդված 20. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։
Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունք:
Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:
Տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:
Հոդված 22. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:
Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:
Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:
Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:
Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար։
Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:
Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ:
Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշմամբ:
Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք:
Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։
Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։
Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:
Հոդված 28. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունք:
Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք:
Կուսակցություններ և արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ:
Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության կամ միավորման:
Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով:
Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամների կողմից այդ իրավունքների իրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքով։
Հոդված 30. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:
Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:
Հոդված 30.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարման կարգը սահմանվում է օրենքով:
Ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաև քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Երկու եւ աւելի երկրների քաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները համարւում են ՀՀ քաղաքացիներ. նրանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով։
Հոդված 30.2. Քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունք:
Հանրային ծառայության սկզբունքները և կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:
Հոդված 31. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:
Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:
Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:
Հոդված 31.1. Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ:
Հոդված 32. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն:
Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:
Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը և սահմանափակումները սահմանվում են օրենքով:
Մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
Հարկադիր աշխատանքն արգելվում է:
Հոդված 33. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում են օրենքով:
Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։
Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:
Հոդված 33.2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը:
Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:
Հոդված 34. Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:
Հոդված 35. Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է:
Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:
Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին հղիության և ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի և նոր ծնված երեխայի խնամքի կամ երեխայի որդեգրման համար արձակուրդի իրավունք:
Հոդված 36. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:
Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների համար:
Հոդված 37. Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով:
Հոդված 38. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով:
Հոդված 39. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:
Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով:
Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին:
Հոդված 40. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:
Հոդված 41. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:
Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
Հոդված 42. Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ:
Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն:
Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Հոդված 42.1. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:
Հոդված 43. Մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները:
Հոդված 44. Մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 15, 17-22 և 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Հոդված 45. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Հոդված 46. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը:
Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:
Հոդված 48. Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են`
1) պաշտպանել և հովանավորել ընտանիքը, մայրությունը և մանկությունը.
2) նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը.
3) խթանել բնակարանային շինարարությունը, նպաստել յուրաքանչյուր քաղաքացու բնակարանային պայմանների բարելավմանը.
4) իրականացնել բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստել արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը.
5) նպաստել երիտասարդության մասնակցությանը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին.
6) խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.
7) իրականացնել հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրեր, խթանել հաշմանդամների մասնակցությունը հասարակական կյանքին.
8) նպաստել անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացմանը.
9) նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը.
10) իրականացնել ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն.
11) նպաստել ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը.
12) ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը:
Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել սույն հոդվածում ամրագրված խնդիրների իրականացման համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Հոդված 49. Հանրապետության Վարչապետը պետության գործադիր իշխանութեան ղեկավարն է:
Հոդված 50. Հանրապետության Վարչապետը (Փոխվարչապետի հետ միաժամանակ) ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` երկու տարի ժամկետով: Ընտրութիւնները տեղի են ունենում իւրաքանչիւր կենտ թուականի հոկտեմբեր ամսի առաջին կիրակի օրը։
Վարչապետ (փոխվարչապետ) կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին հինգը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Նույն անձը չի կարող ավելի քան երեք անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Վարչապետի պաշտոնում:
Հոդված 51. Վարչապետն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով։ Վարչապետի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։
Վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։
Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո՝ տասնչորսերորդ օրը, անցկացվում է Վարչապետի ընտրության երկրորդ փուլ։ Վարչապետի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։
Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։
Եթե Վարչապետի ընտրության արդյունքների վերաբերյալ սահմանադրական դատարանը գործ է ընդունում քննության, ապա որոշում պետք է կայացնի դիմումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։
Եթե Վարչապետ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո՝ քառասուներորդ օրը։
Վարչապետն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Վարչապետ ի լիազորությունների ավարտման օրը։
Նոր ընտրված Վարչապետը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո՝ քսաներորդ օրը։
Հոդված 52. Վարչապետի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Վարչապետի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։
Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։
Հոդված 53. Վարչապետի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում Վարչապետի պարտականութիւնները մինչ նրա ժամկետի աւարտը կատարում է Փոխվարչապետը։
Հոդված 53.1. Ռազմական և արտակարգ դրության ժամանակ Վարչապետի ընտրություն չի անցկացվում, իսկ Վարչապետը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ քառասուներորդ օրը, անցկացվում է Վարչապետի ընտրություն:
Հոդված 54. Վարչապետը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին ուղղուած հետեւեալ խօսքով. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնը՝ պարտավորվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Հոդված 55. Վարչապետը ՝
1) ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.
2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:
Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
3) Սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն.
4) Ազգային ժողովում պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա քսանօրյա ժամկետում ձեւաւորում է կառավարութեան կազմը եւ ներկայացնում ԱԺ-ին։
Վարչապետը նշանակում և ազատում է կառավարության անդամներին:
Վարչապետը ընդունում է կառավարության անդամների հրաժարականը։ Վարչապետի կողմից կառավարության անդամի հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամը շարունակում է իր պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր անդամի հաստատումը։
5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
6) կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.
7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
8) նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
9) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի և վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.
10) Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է համաձայնություն տալ Սահմանադրական դատարանի անդամին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
11) արդարադատության խորհրդի առաջարկությամբ համաձայնություն է տալիս վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրանց նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ, արդարադատության խորհրդի եզրակացությամբ նշանակում է առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների դատավորներին.
11.1) նշանակում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամներ.
12) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.
13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:
Պատերազմի ժամանակ Վարչապետը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։
Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ Սահմանադրական դատարանի նախագահի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
15) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.
16) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
17) ներում է շնորհում դատապարտյալներին:
Հոդված 56. Վարչապետը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։
Հոդված 56.1. Վարչապետն անձեռնմխելի է:
Վարչապետն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Վարչապետը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:
Հոդված 57. Վարչապետը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Վարչապետին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
Վարչապետին պաշտոնանկ անելու մասին որոշումը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:
Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Վարչապետին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:
Հոդված 58. Վարչապետն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Վարչապետի հրաժարականը համարվում է ընդունված, և Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում Փոխվարչապետը Ազգային Ժողովի յատուկ նիստում ստանձնում է Վարչապետի պարտականութիւնները մինչ հեթական ընտրութիւնները։ Փոխվարչապետի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում Հանրապետութեան վարչապետի պարտականութիւնները մինչ նրա ժամկետի աւարտը ստանձնում է Ազգային ժողովի նախագահը։ Ազգային ժողովի նախագահի Վարչապետ դառնալու պահին նրա հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում Վարչապետի պարտականութիւնները մինչ տուեալ ընտրաշրջանի ժամկետի աւարտը կատարում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը։ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Վարչապետ դառնալու պահին նրա հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում Վարչապետի պարտականութիւնները մինչ տուեալ ընտրաշրջանի ժամկետի աւարտը կատարում է Ազգային ժողովի ընտրած անձը։
Հոդված 59. Վարչապետի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Վարչապետի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին: Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա Ազգային ժողովը չի կարող նման հարց քննարկել:
Հոդված 60. Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև յաջորդ ընտրութիւնները Վարչապետի պարտականությունները կատարում է Փոխվարչապետը, իսկ եթէ դա հնարաւոր չէ, ապա Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա Սահմանադրական դատարանի նախագահը, իսկ եթէ դա հնարաւոր չէ, ապա Ազգային ժողովի ընտրած անձը։ Ազգային ժողովի նախագահի կողմից Վարչապետի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ։
Հոդված 61. Վարչապետը օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը: Վարչապետի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
Հոդված 62. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների ներկայացուցչական մարմինն է։ Ազգային ժողովի ընտրութիւններին մասնակցած բոլոր քաղաքացիների քուէները գործնականում ամբողջութեամբ կարող են ներկայացուել ԱԺ պատգամաւորների քուէարկութիւններում։
Հոդված 62.1. Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ընտրութիւններից առաջ Հանրապետութեան տարածքը բաժանւում է մոտաւորապէս հաւասար բնակչութիւն ունեցող 27 ընտրատարածքների, որոնցից իւրաքանչիւրից ԱԺ պատգամաւոր կարող են ընտրուել 3 հոգի։ Ընտրուած են համարւում տուեալ ընտրատարածքում առաւելագոյն ձայներ հաւաքած ընտրական միաւորների ներկայացուցիչները կամ անհատները։ Միւս թէկնածուները ընտրութիւնների արդիւնքների պաշտօնական ամփոփումից յետոյ մէկ շաբաթուայ ընթացքում իրաւունք ունեն իրենց ստացած ձայները փոխանցել Ազգային Ժողովի պատգմաւոր ընտրուած թէկնածուներին։
Հոդված 62. 2. Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովում պատգամաւորները քուէարկում են իրենց ստացած եւ իրենց փոխանցուած ձայների քանակով։ Պատգամաւորները մեկական ձայնով քուէարկում են միայն Ազգային Ժողովի աշխատանքային կազմակերպական հարցերում, ինչպիսիք են ԱԺ նախագահի եւ ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրութիւնները։
Ււրաքանչիւր պատգամաւորը նշում է իրեն փոխարիող պատգամաւորի անունը, ով իր անաշխատունակութեան դէպքում ԱԺ-ում փոխարինելու է իրեն։
Հոդված 62. 3. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 57, 59-րդ հոդվածներով, սույն հոդվածի երկրորդ մասով, 66, 67, 69, 73, 74, 74.1, 75, 77, 79-րդ հոդվածներով, 80-րդ հոդվածի երկրորդ մասով, 81, 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 84, 94.1-րդ հոդվածներով, 101-րդ հոդվածի 2-րդ կետով, 103, 111-րդ և 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով կարող է ընդունել ուղերձներ և հայտարարություններ:
Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգով:
Հոդված 63. Ազգային ժողովը կազմված է ութսունմեկ պատգամավորից:
Ազգային ժողովն ընտրվում է երկու տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահից։ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին։
Ազգային ժողովը չի կարող արձակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև, երբ Վարչապետին պաշտոնանկ անելու հարց է հարուցված։
Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում, իսկ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսուն օրվա ընթացքում անցկացվում է Ազգային ժողովի ընտրություն:
Հոդված 64. Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին երեք տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Հոդված 65. Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:
Պատգամավորի կարգավիճակը և գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:
Հոդված 66. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:
Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության:
Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին։ Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:
Հոդված 67. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովն արձակվելու, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու և հրաժարականի դեպքերում:
Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:
Հոդված 68. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովն արձակելուց հետո ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:
Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Սահմանադրական դատարանի որոշմամբ համաձայն ՀՀ Սահմանադրութեան։
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը:
Արտահերթ ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երկրորդ հինգշաբթի օրը:
Հոդված 69. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով:
Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:
Հոդված 70. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Վարչապետի կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
Հոդված 71. Օրենքները և Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների մեծամասնությամբ։
Հոդված 72. Հանրապետության Վարչապետի առարկությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների ընդհանուր թվի երկու երրորդով։
Ազգային ժողովը Հանրապետության Վարչապետի վերադարձրած օրենքը քննարկում է արտահերթ:
Հոդված 73. Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով:
Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար:
Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:
Հոդված 74. Վարչապետը կառավարութեան կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր կառավարութեան ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ և քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ:
Հոդված 74.1. Վարչապետն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:
Վարչապետը Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.
բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:
Հոդված 75. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին և Վարչապետին:
Վարչապետը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:
Կառավարության եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ:
Հոդված 76. Ազգային ժողովը կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:
Պետական բյուջեի քննարկման և հաստատման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:
Հոդված 77. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ։
Ազգային ժողովը վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկում և հաստատում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
Հոդված 78. (հանված է)
Հոդված 79. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ:
Ազգային ժողովի նախագահը վարում է նիստերը, տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը:
Ազգային ժողովն ընտրում է Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալ:
Հոդված 80. Պատգամավորներն իրավունք ունեն գրավոր և բանավոր հարցերով, իսկ խմբակցությունները և խմբերը նաև հարցապնդումներով դիմելու Վարչապետին եւ կառավարությանը: Հերթական նստաշրջանի նիստերի գումարման շաբաթվա մեկ նիստում Վարչապետը (նրա բացակայութեամբ Փոխվարչապետը) և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում։
Հարցապնդումները ներկայացվում են գրավոր և քննարկումից առնվազն տասն օր առաջ։ Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:
Հոդված 81. Ազգային ժողովը Վարչապետի առաջարկությամբ՝
1) հայտարարում է համաներում.
2) վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,
բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին,
գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,
դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր,
ե) որոնցով նախատեսված է վավերացում,
զ) օրենքով սահմանված այլ դեպքերում.
3) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Վարչապետը:
Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը։
Հոդված 82. Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը:
Հոդված 83. Ազգային ժողովը՝
1) Հանված է.
2)Հանված է.
3)Հանված է
4) ընտրում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականների։
Հոդված 83.1. Ազգային ժողովը մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով՝ երեք տարի ժամկետով։
Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը, որը համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին:
Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք համագործակցում են մարդու իրավունքների պաշտպանի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:
Հոդված 83.2. Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը երեք տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետութեան Վարչապետի կողմից՝ երեք տարի ժամկետով: Ազգային ժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 83.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։ Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։
Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։
Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված խնդիրները և գործառույթներն իրականացնելիս անկախ է։
Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Վարչապետի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` երեք տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երեք անգամ անընդմեջ նշանակվել կենտրոնական բանկի նախագահ:
Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ Վարչապետի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին:
Հոդված 83.4. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։
Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը։
Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը։
Վերահսկիչ պալատի գործունեության կարգը և իրավասությունը սահմանվում են օրենքով։
Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Վարչապետի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` երեք տարի ժամկետով։ Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:
Հոդված 83.5. Բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրութեամբ ու օրենքներով են սահմանվում՝
1) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.
3) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը.
4) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը և պայմանները.
5) ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց՝ առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.
6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական և վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, փաստաբանների կարգավիճակը և լիազորությունները.
7) հանրաքվեների, Վարչապետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.
8) պետական բյուջեի ձևավորման և դրա ծախսման կարգը.
9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները.
10) կուսակցությունների և այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը.
11) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները և դրանց սահմանները:
Հոդված 84. Ազգային ժողովը պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը կամ կառավարության անդամին:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ նման որոշման նախագիծ չի կարող ներկայացվել:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 85. Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների կամ Վարչապետի նորմատիվ ակտերի հիման վրա և դրանց կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:
Կառավարությունը կազմված է նախարարներից, որոնց նշանակում է Վարչապետը։
Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Կառավարության կառուցվածքը Վարչապետի առաջարկությամբ սահմանվում է օրենքով:
Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանվում Վարչապետի հրամանագրով:
Հոդված 86. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Վարչապետը: Փոխվարչապետը փոխարինում է Վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ: Կառավարության որոշումներն ստորագրում է Վարչապետը:
Հոդված 87. Վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում նախարարների աշխատանքը:
Վարչապետն ընդունում է որոշումներ՝ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:
Հոդված 88. Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Հոդված 88.1. Մարզպետներին եւ մարզային աւագանու անդամներին ընտրում են մարզի մշտական բնակիչները երկու տարի ժամկետով։
Մարզային աւագանու կազմում կարող է լինել 15-21 անդամ, որոնք ընտրւում են ուղղակի համամասնական ընտրակարգով։ Աւագանին ունի իր խօսնակը, ում ընտրում են մարզային աւագանու անդամները։ Մարզպետները մարզերի աւագանիների հետ իրագործում են մարզային խնդիրների լուծումը եւ կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Երևան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
Հոդված 89. Կառավարությունը՝
1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը.
2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով.
3) կառավարում է պետական սեփականությունը.
4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը.
4.1) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը.
5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում.
6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը.
7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ.
8) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ գործառույթներ և լիազորություններ:
Հոդված 90. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը:
Գ Լ ՈՒ Խ 6
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից:
Հոդված 92. Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:
Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:
Հոդված 93. Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։
Հոդված 94. Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով:
Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
Հոդված 94.1. Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության խորհուրդը:
Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Վարչապետի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:
Արդարադատության խորհրդի նիստերը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։
Հոդված 95. Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով՝
1) կազմում և Վարչապետի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են առաջին ատեանի դատաւորների նշանակումները.
2) եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.
3) Հանված է.
4) Վարչապետի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ.
5) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում Վարչապետին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին։
Հոդված 96. Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամն անփոփոխելի են: Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
Հոդված 96. 1. Նշանակովի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատաւորները վերաքննիչ դատարանների և վճռաբեկ դատարանի, ինչպէս նաեւ Սահմանադրական դատարանի դատաւոր լինելու թէկնածուներ են։ Վերաքննիչ դատարանների, Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատաւորների ընտրութիւնները տեղի են ունենում Հանրապետութեան ողջ տարածքի ընդգրկմամբ տուեալ դատարանում թափուր տեղ առաջանալու պարագայում։ Վերադաս դատարանների դատաւորների ընտրութեան կարգը սահմանւում է օրէնքով։
Հոդված 97. Արդարադատություն իրականացնելիս դատավորը և սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը և օրենքին:
Դատավորի և Սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները և պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:
Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության։ Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո։ Նման դեպքերում ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Վարչապետը և համապատասխանաբար վճռաբեկ դատարանի նախագահը կամ սահմանադրական դատարանի նախագահը:
Հոդված 98. Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Հոդված 99. Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից:
Հոդված 100. Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Վարչապետի հրամանագրերի, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.
2) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.
3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.
3.1) լուծում է Վարչապետի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.
4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Վարչապետի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.
5) եզրակացություն է տալիս Վարչապետին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
6) եզրակացություն է տալիս Վարչապետի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.
7) եզրակացություն է տալիս Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
8) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին.
9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին,
10) որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրութեան մասին
Հոդված 101. Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝
1) Հանրապետության Վարչապետը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 2, 3, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3, 5, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 6, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների՝ նորմատիվ ակտերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով.
6) յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը.
7) դատարանները և գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.
8) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.
9) Վարչապետի և պատգամավորության թեկնածուները՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ և 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով:
Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:
Հոդված 102. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ՝ Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։
Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ։
Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-4-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5-8-րդ կետերով նախատեսված հարցերով՝ եզրակացություններ։ Եզրակացությունները և 9-րդ կետով նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մնացած որոշումները՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։
Հոդված 103. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազին Վարչապետի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` երեք տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երեք անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։
Օրենքով սահմանված դեպքերում Վարչապետի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների քաղաքացիներից ստացած ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:
Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 7
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 104. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:
Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը:
Հոդված 104.1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:
Համայնքն իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:
Հոդված 105. Համայնքի սեփականությունը կառավարելու և տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու և համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր:
Պետական իշխանության մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին:
Հոդված 105.1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը, բացառությամբ պետական կարիքների համար անհրաժեշտ, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է:
Հոդված 106. Համայնքներն իրենց բյուջեն ձևավորում են ինքնուրույն:
Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով:
Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:
Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման:
Համայնքները սահմանում են տեղական հարկեր և տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ:
Հոդված 107. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են երկու տարի ժամկետով: Համայնքի ղեկավարը չի կարող լինել համայնքի աւագանու անդամ։ Աւագանին ունի իր խօսնակը ում ընտրում են աւագանու անդամները։
Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր: Համայնքի ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, դրանց հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով:
Համայնքի ղեկավարի լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:
Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 108. Երևանը համայնք է: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
Հոդված 108.1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացվում է իրավական հսկողություն: Համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 109. Կառավարությունը օրենքով նախատեսված դեպքերում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:
Հոդված 110. Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից։
Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով:
Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ:
Գ Լ ՈՒ Խ 8
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ
Հոդված 111. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Վարչապետի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:
Հանրաքվեն նշանակում է Վարչապետը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Համապատասխան որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
Վարչապետը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, կարող է այն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:
Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Վարչապետը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:
Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Վարչապետը, ապա Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նախագիծը հանրաքվեի դնելու հարցը ներկայացնում է քվեարկության։ Եթե Ազգային ժողովի պատգամավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը կողմ է քվեարկում նախագծին, ապա վերջինս համարվում է ընդունված, և այն Վարչապետը հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում։
Հոդված 111. 1. Հանրաքուէ կարող են նախաձեռնել նաեւ ՀՀ քաղաքացիները՝ Հանրապետութեան ընտրելու իրաւունք ունեցող քաղաքացիների առնուազն 15 տոկոսի ստորագրութիւնների առկայութեան եւ բարձրացուող հարցի ձեւակերպման վերաբերեալ Սահմանադրական դատարանի դրական եզրակացութեան դէպքում։
Հոդված 112. Օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ կառավարության առաջարկով` Սահմանադրության 111-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:
Հոդված 113. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը։
Հոդված 114. Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:
Գ Լ ՈՒ Խ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 115. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, ուժի մեջ են մտնում համապատասախան հանրաքուէից յետոյ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց յետոյ՝
Օրէնքների համապատասխանեցումը երկամսեայ ժամկէտում.
Սահմանադրութեամբ չնախատեսուած հաստատութիւնների վերացումը 3 ամսուայ ընթացքում
Ազգային Ժողովի եւ անցումային շրջանի (մինչեւ հոկտեմբերի հերթական ընտրութիւնները) վարչապետի (փոխվարչապետի) ընտրութիւնները եռամսեան ժամկէտում։