ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՊԷՍ ԵՐԿՐԻ ՏԷՐԸ ԴԱՐՁՆՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Stampa
There is no translation available.

«Սոյն հայեցակարգը Վարչապետին եւ Արդարադատութեան նախարարին պաշտաւնապէս ներկայացուել է նաեւ 2026 թ. յունուարի 16-ին»։

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՊԷՍ ԵՐԿՐԻ ՏԷՐԸ ԴԱՐՁՆՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

7 մարտի 2024 թ., Երեւան

 

   Արձանագրելով եւ ընդունելով, որ

ա) ազգերն իրենց հաւաքական անվտանգութեան, բնականոն կենսակերպի ապահովման եւ առաջընթացի համար դեռեւս հազարամեակներ առաջ հանգել են պետութեան գաղափարին,

բ) պետութիւնն է ազգային իղձերի իրականացման հիմնական գործիքն ու մարդկանց՝ քաղաքացիների իրաւունքների եւ պարտականութիւնների իրացման երաշխաւորը

գ) առանց պետութիւն չկայ քաղաքացի եւ առանց քաղաքացի չկայ պետութիւն

դ) մարդը եւ մանաւանդ, քաղաքացին է պետութեան հիմքերի հիմքը

ե) Հիմնական աւրէնք-Սահմանադրութիւնն է ազգային՝ հանրային կեանքի հանրագումարը

2023 թ.-ի ապրիլին Երեւանում ստեղծուած ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ընդունեց հետեւեալ

          ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ․

   Պետութիւնը քաղաքացիների՝ ժողովրդի, մանաւանդ ընդհանրական խնդիրների լուծման գործիքն է եւ այդ համակարգային գործիքը պէտք է ամբողջութեամբ պատկանի ժողովրդին, կատարի նրա ճիշտ կամ սխալ կամքը, հնարաւորութիւն տայ զարգացնելու ճիշտը, ուղղելու թոյլ տուած սխալը եւ մշտապէս վերահսկուի ժողովրդի՝ նրան լիարժէքաւրէն ներկայացնող ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ կողմից։ Այն որպէս գործիք չպէտք է որեւէ աւելորդ մասնոյթ ունենայ եւ պէտք է առաւելագոյնս զերծ լինի աւելորդութիւններից։

   «Քաղաքացին է երկրի տէրը» եւ «Իշխանութիւնը պատկանում է ժողովրդին» հասկացութիւնները պէտք է առարկայաւրէն համապատասխանեն դրանցում արտայայտուած մտքին։

   Տասնամեակներ սահմանադրութիւն ունեցած եւ այդ սահմանադրութեամբ (սահմանադրութիւններով) ապրած պետութեան մէջ, երբ այդ սահմանադրութիւններն ունեն ԱՆՓՈՓՈԽԵԼԻ դրոյթներ, բարեփոխումների հիմնական ուղղութիւնը պէտք է առաջին հերթին հենց այդ դրոյթներին համապատասխանի եւ ինչ-որ տեղ բխի նրանցից՝ միտուած լինելով աւելի բարձր մակարդակի հասցնել ամրագրուած արժէքները։ ՀՀ-ի պարագայում այդ անփոփոխելի դրոյթներն են՝ Հայաստանի ժողովրդավարական, իրաւական, ինքնիշխան եւ սոցալական (ընկերային) լինելը։

   Պիտի նկատենք, որ այս հասկացութիւններից երեքը կարգավիճակային են եւ միայն ժողովրդավարութիւնն է արարողական, այսինքն կրում է շարունակական գործառոյթային բնոյթ։ Նրանով են նաեւ պայմանաւորուած միւս արժէքների պահպանութեան եւ պաշտպանութեան ուղղութեամբ կատարուող գործողութիւնները։ Չնայած բոլոր պետութիւններում երկրն ինքնշխանութեանը, իրաւական համակարգին եւ մանաւանդ սոցիալական ոլորտին հատկացուող ծախսագումարային (բիւջետային) միջոցները տասնապատիկ, երբեմն հարիւրապատիկ աւելի են քան ժողովրդավարութեանը հատկացուող միջոցները, որեւէ երկրի հենց ժողովրդավարական համակարգն է այն գլխաւոր գոծիքը, որով կեանքի են կոչւում կարեւորագոյն անհատական եւ հաւաքական ինքնորոշումն ու ինքնակառավարումը։

  Վերջին տասնամեակներում Հայաստանն աւելի բարուաւք՝ քաղաքացիների համար առաւել ընդունելի երկիր դարձնելու կողմնակից բոլոր գործիչներն ու հանրային ուժերը իրենց պարտքն են համարել հենց պետական համակարգի ժողովրդավարական կառոյցների իրական եւ թուացեալ բարելոփոխումների առաջարկներով հանդէս գալ։ Պատահական չէ, որ քաղաքակիրթ աշխարհի գլխաւոր արժէքներից թէրեւս ամենագլխաւորն է Ժողովրդավարութիւնը,որն իր հերթին համարւում է պետութիւնների գլխաւոր որակական բնութագրիչը։ Պետութիւնները համարւում են ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական։ Դա է մեր ժամանակներում պետութիւններին տրուող առաջին եւ գլխաւոր ճանաչողական գնահատականը։

   20 տարուց աւելի Հայաստանում շրջանառութեան մէջ է գտնւում ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ գաղափարը։ Տարբեր ժամանակներում նրա աջակցութեամբ հանդէս են եկել տասից աւելի քաղաքական ուժեր, ինչպէս նաեւ իրաւագէտ մասնագէտներ։ Երկրի ժողովրդավարականութեան մակարդակը թուաբանաւրէն արտայայտելի դարձնող ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ այդ գաղափարի հետեւորդների համոզմամբ հետաքրքրուողներին տրամադրում է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽԱՒՍԵԼԻՍ նախ եւ առաջ ճշտել հենց երկրի պետական համակարգի ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ բարձրացնելու, քաղաքացիների՝ ժողովրդի, դերակատարութիւնը առաւելագոյն մակարդակին հասցնելու հնարաւորութիւնը։

   Այդ մաւտեցումն էլ ՍԲՀԽ հայեցակարգի առանցքային գաղափարն է եւ ընկած է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍԲՀԽ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ։

Սահմանադրութեան մէջ որեւէ փոփոխութիւն արդարացուած է, եթէ նրա իրականացման արդիւնքում ընդլայնւում, հստակեցւում եւ ամրագրւում են քաղաքացու իրաւունքները։ Իրաւունքներիշարքում կարեւորագոյն տեղ են գրաւում, մասնաւորապէս նրանք, որոնք երկրի տիրոջ՝ քաղաքացու, երկրի կառավարմանը՝ ժողովրդավարութեանը, մասնակցելու հնարաւորութիւններն են ընդլայնում։

   ՀՀ-ում գործած բոլոր ե՛ւ առաջին, ե՞ւ փոփոխութիւնների ենթարկուած երկրորդ ու երրորդ սահմանադրութիւններում առանձնակի կարեւորութիւն չի տրուել ժողովրդավարութեան հիմք եւ հիմնասիւն հանդիսացող քաղաքացիների քաղաքական իրաւունքներին, մինչդեռ հաշուի առնելով այն, որ դրանց միջոցով են հանրային կեանքում իրականացւում միւս բոլոր ոլորտներին վերաբերող գործառոյթները, դրանք պէտք է առաջին տեղում լինէին։ Դրա փոխարէն առանձնակի կարեւորութիւն է տրուել քաղաքացիների քաղաքական իրաւունքների նուազեցման հաշուին պետական համակարգը «ճգնաժամերից զերծ պահելու» հաճախ մտացածին, հակաիրաւական պատկերացումներին։ Այդ ամենի հետեւանքով ի սկզբանէ անկատար՝ ԱԺ-ի նուազագոյն դերակատարութեամբ, այն կամայականաւրէն արձակելու Նախագահի իրաւունքով, Սահմանադրական դատարանի մէկուսացուածութեամբ եւ այլն 1995 թ.-ի սահմանադրութիւնը 2005 թ.-ն շտկեց այդ ակնյայտ բացթողումները, սակայն Խորհրդարանի գումարման ժամկէտը 4-ից 5 տարի (տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների հաճախականութիւնը եւս նուազեցնելով) առնուազն երեսուն տոկոսով նուազեցրեց պետական համակարգի ժողովրդավարականութեան մակարդակը։ (Հաշուարկը կատարուել է Պետութիւնների ժողովրդավարականութեան բանաձեւի միջոցով)։ 2015 թ. «բարեփոխուած» սահմանադրութեան մէջ ընդունուած փոփոխութիւնների հետեւանքով Հայաստանում ժողովրդավարութեան մակարդակը նուազեց եւս երկու անգամ եւ այժմ հնարաւոր 100-ի փոխարէն կազմում է ընդամենը 15.4 տոկոս։

   Կատարուած փոփոխութիւնները ուղղակիաւրէն նուազեցրել են քաղաքացիների դերակատարութիւնը պետական համակարգում։ 2015 թ.-ին որդեգրուած պետական համակարգի կառոյցում բացարձակապէս բացակայում է իշխանութեան ճիւղերի տարանջատման եւ հակակշռման ժողովրդավարութեան՝ պաշտաւնեաների ոտնձգութիւններից քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան հիմքերի հիմք կարեւորագոյն դրոյթը։ Դրան զուգահեռ ինչպէս աշխարհի գրեթէ բոլոր երկրներում, այդպէս էլ Հայաստանում գործում է ԻՐԱՒԱԿԱՆ պետութեան գլխաւոր գաղափարին հակասող, երկրի կառավարման հարցում քաղաքացիների մի մասի նկատմամբ խտրականութիւնն ամրագրող ընտրական համակարգ։ Ըստ այս արատաւոր համակարգի քաղաքացիներն իրաւահաւասար են միայն ընտրութեան աւրը եւ այնուհետւ մինչեւ յաջորդ ընտրութիւններ քաղաքացիների մի հսկայական զանգուած պետական համակարգի անկատարութեան պատճառով ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ներկայացուցիչ չունենալով ստորադասւում է այն քաղաքացիներին, որոնք ներկայացուցիչ ունեն։ Քաղաքացիների իրաւահաւասարութիւն խախտող այդ խնդիրը լուծելու գիտելիքների՝ իմացութեան, բացակայութեան պայմաններում մարդկութիւնն համակերպուել է նմանաւրինակ դրսեւորումների հետ, բայց Հայաստանում աւելի քան 20 տարի է յայտնի է նախ «կատարեալ» ապա «բացարձակ ժողովրդավարութեան (ԲԺ) պետական համակարգի» մասին եւ սահմանադրական բարեփոխումների ժամանակ այդ համամարդկային նորամուծութեան  անտեսումը թէ նախկին եւ թէ ներկայ իշխանութիւնների, նրանց կամակատար «իրաւագէտ»-ների կողմից մեղմ ասած անընդունելի է։ Հայաստանեան 10-ից աւելի կուսակցութիւններ կողմ են արտայայտուել ԲԺ համակարգին եւ նոյնիսկ համատեղ հանրագիր են ներկայացրել Սահմանադրական բարեփոխումներով զբաղուող իշխանական կառոյցներին, սակայն անարդիւնք։

   Այսպիսով,  ՀՀ Սահմանադրութիւնը արմատապէս բարեփոխելու ամենակարճ ճանապարհը ԲԺսկզբունքների ընդունումն ու դրանց ներդրումն է։ Դրանց կարեւորագոյն՝ ելակէտային դրոյթներից են՝

ա) պետական իշխանութեան երեք հիմնական ճիւղերի՝ վարչապետի, ԱԺ-ի եւ դատական համակարգի վերին ատեանների դատաւորների (թափուր մնացած տեղերի) ընտրութիւնը քաղաքացիների անմիջական մասնակցութեամբ

բ) պետութեան եւ համայնքների ներկայացուցչական կառոյցներում քաղաքացիների իրաւահաւասարութեան ապահովումը ոչ միայն ընտրութիւնների աւրերին, այլեւ ընտրութիւնների միջեւ ընկած ժամանակահատուածում,

գ) ընտրութիւնների հաճախականութեան աւելացմամբ քաղաքացի-քաղաքական գործիչ կապուածութեան վերահաստատումը եւ քաղաքացու դերակատարութեան ամրագրումը։

   Առաջնորդուելով այն գիտակցութեամբ որ Սահմանադրութեան մէջ կատարուող փոփոխութիւնների արդիւնքում ժողովրդավարութիւնը պէտք է էական աճ ապրի, այսինքն՝ պէտք առարկայաւրէն դրսեւորուի «պետական պաշտաւնեաները քաղաքացիների միջնորդ ներկայացուցիչներն ու ծառաներն են» գաղափարը եւ պետական համակարգի համար, ունենալով ժողովրդավարութեան մակարդակը մաթեմատիկական ճշգրտութեամբ ներկայացնելու գործիք՝ բանաձեւ, դեռեւս 2014 թ. է ներկայացուել Սահմանադրութեան այլընտրանքային նախագիծ։ Այժմ, գրեթէ 10 տարի անց նախկինում միտումնաւոր կերպով թաքցուած՝ պարտակուած Սահմանադրական փոփոխութիւններով Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու ծրագիրը կրկին ենք յանձնում ժողովրդի դատին։ Սահմանադրական բարեփոխումների պետական կառոյցի աշխատակարգում ամրագրուած է, որ Յանձնաժողովը պէտք է աշխատի թափանցիկ եւ քննարկի բոլոր՝ մանաւանդ դեռեւս 2014 թ.-ից միակ այլընտրանքային, առաջարկները։

   Սահմանադրութեան բարելաւման այս փուլում մենք կարեւոր ենք համարում անդրադառնալ միայն պետութեան ժողովրդավարականութեան բարձրացման հետ առնչուող խնդիրներին, որոնք էլ իրենց հերթին հիմք կը հանդիսանան այլ ոլորտներում աւելի բարձր մակարդակի հասնել։ Կարծում ենք, որ մեր առաջարկած բարեփոխումների ընդունումից յետոյ քաղաքացիների դերակատարութիւնը պետական կեանքում այն աստիճան կաւելանայ, որ որոշ մանաւանդ խմբագրական բնոյթի փոփոխութիւններ եւ հաւելումներ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆՈՒՄ հնարաւոր կը լինի իրականացնել ԱԺ-ում ներկայացուած քաղաքացիների ձայների 3/4-ով, ուղղակիաւրէն ընտրուած վարչապետի եւ դատական իշխանութեան բարձրագոյն մարմնի համաձայնութեամբ։